Պատահական արված լուսանկարները երբեմն դառնում են մեր իրականության մի մասնիկը, խորհրդանշում ժամանակը, տվյալ ժամանակին բնորոշ դեպքերը, իրադարձությունները, դրվագները:
Հաճախ չենք էլ մտածում` ո՞վ է սիրված լուսանկարի հեղինակը, ի՞նչ նախապատմություն ունի հավերժացած ակնթարթը, ո՞վ կամ ովքե՞ր են պատկերված նկարում: Երիտասարդ լուսանկարիչ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ մեր զրույցը լուսանկարչական արվեստի առանձնահատկությունների, հետաքրքրություն արթնացնող լուսանկարների, հեղինակային իրավունքի ոտնահարման և այլ հարցերի շուրջ է:
-Վարդան, մեր տեխնադարում լուսանկարում են բոլորը: Ինչո՞վ է առանձնանում պրոֆեսիոնալ աշխատանքը:
-Առաջին հերթին լուսանկարը պետք է ճիշտ կոմպոզիցիա ունենա, երկրորդը` ճիշտ էքսպոզիցիա: Երրորդն արդեն ձեռագիրն է: Յուրաքանչյուր լուսանկարիչ ունի իր բնորոշ ձեռագիրը, որը տարիների հետ կատարելագործում է:
-ՈՒսուցիչ ունեցե՞լ եք:
-Ոչ, ինձ ոչ ոք չի սովորեցրել լուսանկարչություն: Այնքան եմ լուսանկարել, մինչև կարողանամ իմ ուզածը ստանալ: Իսկ տեսական գիտելիքները ձեռք եմ բերել ինքնակրթությամբ:
-Ձեզ գրավում է օդային լուսանկարչությո՞ւնը:
-Այո, բարձր տեղերից, օդապարիկից շատ եմ սիրում նկարել, բայց թռչող սարքով չեմ աշխատում: Ես պիտի տեսնեմ այն, ինչ լուսանկարում եմ:
-Ձեր աշխատանքի մեջ, բացի գեղագիտությունից, նաև էքստրիմ կա, դժվար չէ՞ հաղթահարել բարձունքի վախը, միաժամանակ աշխատել:
-Վախ չկա: Առաջին անգամ անսովոր էր, հետո անցավ:
-Ձեր աշխատանքներում կարելի է տեսնել լուսինը` տարբեր օրականներում, տարբեր դիրքերից: Ինչո՞վ է պայմանավորված այդ հետաքրքրությունը:
-Մանկուց ինձ գրավել է լուսնի սկավառակը: Երբ տեսնում էի` լուսինը նոր դուրս է գալիս, ասում էի` պապի, տես, ոնց որ կարագ լինի: Երազում էի լուսանկարչական սարք ունենալ ու նկարել: Երբ կարողանում ես ստանալ լուսնի խառնարանների ընդգծվածությունը, խորությունը, ավելի ես ոգեշնչվում և փորձում ամեն անգամ է՛լ ավելի կատարելագործել աշխատանքդ:
-«Ժամը» լրատվականով ցուցադրվեց Ձեր լուսանկարը, որտեղ Երևանը պատկերել էիք մեկ կիլոմետր բարձրությունից: Նշվեց նաև, որ դա օդապարիկով մայրաքաղաքում արված ամենաբարձր թռիչքն է: Առհասարակ, Երևանը հաճախ եք նկարում, մեր քաղաքն ինչպիսի՞ն է լուսանկարչի աչքերով:
-Շատ է փոխվել, աղավաղվել մայրաքաղաքը, բայց ընդհանուր «դիմագիծը», հատկապես վերևից, շատ սիրուն է: Անկեղծ ասած, Երևանը հեռվից` վերևից, ինձ ավելի է դուր գալիս:
-Լուսանկարում կյանքը, ակնթարթը կա՞նգ են առնում:
-Կարծում եմ` լուսանկարներում կյանքը շարունակվում է: Լուսանկարները ապրում են:
-Ժպտացող զինվորի հանրահայտ նկարի մասին կպատմե՞ք: Ո՞վ է պատկերված լուսանկարում: Ինչպե՞ս է ծնվել այդ նկարը:
-Սարգիս Հովհաննիսյանն է պատկերված: Սարգիսը ոչ թե ժպտում է, այլ քմծիծաղում: Թշնամուն ուղղված հայացք է: 2015-ի վերջում եմ նկարել` առաջնագծում: Ասացի` դու քայլիր խրամատում ու հենց պտտվես, միանգամից ինչ-որ հայացք ընդունիր: Հենց առաջին փորձից ստացվեց նկարը, բայց չէի սպասում, որ նման արձագանք կունենա:
-Թվում է՝ ապրիլյան օրերին է արվել լուսանկարը: Ամեն դեպքում, զուգորդվում է այդ օրերի հետ:
-Պարզապես քառօրյա պատերազմից հետո սկսեցին տարածել լուսանկարը, մինչ այդ մեծ ուշադրություն չէին դարձնում:
-Ի՞նչ եք զգում, երբ կորցնում եք պահը, որ կուզեիք պատկերել:
-Օրեր շարունակ տանջվում եմ, մինչև մոռանամ:
-Ի՞նչ խնդիրների, արգելքների եք հանդիպում լուսանկարելիս:
-Օրինակ, ջրամբարներում, կամուրջների մոտ լուսանկարել եմ, մոտեցել, զգուշացրել են, որ չի կարելի: Ասել եմ, որ ջնջում եմ, բայց պահել եմ այդ աշխատանքները:
-Պատահական անցորդների նկարո՞ւմ եք: Դժգոհություն չի՞ լինում, ասո՞ւմ են՝ ինչո՞ւ եք ինձ նկարում:
-Ոչ ոք չի կարող ասել` ինչո՞ւ ես նկարում: Նույն հաջողությամբ՝ տեսախցիկներ են տեղադրված քաղաքի տարբեր անկյուններում, եթե չես ուզում հայտնվել կադրում, առնվազն պետք է քաղաք դուրս չգաս: Մի անգամ հրապարակում անուշ-անուշ քնած երեխայի եմ նկարել, բայց չեմ սիրում պատահական մարդկանց նկարել: Ինձ գրավում է բնությունը:
-Հեղինակային իրավունքը հաճա՞խ է ոտնահարվում:
-Թեկուզ` ոչ հատուկ, բայց, այո, շատ է ոտնահարվում: Չեմ արձագանքում, գիտեմ, որ ասելու են` չենք իմացել, լոգոն չի եղել: Ինստագրամով շատ են տարածում, ու չես կարող ասել` ով է արել: Եթե դիտավորություն կա, անպայման արձագանքում եմ: Օրինակ, մի անգամ իմ լուսանկարով մրցույթի էին մասնակցում, զգուշացրի, հանեցին:
-ՈՒնե՞ք լուսանկար, որն առանձնահատուկ է Ձեզ համար:
-Այո, լուսանկարը, որտեղ պատերված է լուսնի մոտով անցնող ինքնաթիռը: Պատահական նկար է, կարգավորումները չհասցրի անել, միանգամից նկարեցի, դրա համար մի քիչ լղոզված է ինքնաթիռը: Ինձ համար դա իմ թիվ մեկ լուսանկարն է, որովհետև եթե ողջ կյանքում ցանկանայի նման լուսանկար անել, չէր ստացվի: Վստահ եմ, որ այդ տեսարանը էլ երբեք չի կրկնվի:
-Ցուցահանդեսով ե՞րբ եք ներկայանալու:
-Սովորություն ունեմ հրապարակելու նկարներս, բայց արդեն սկսել եմ պահել որոշ աշխատանքներ: Ցուցահանդեսի ժամանակ հետաքրքիր են չհրապարակված լուսանկարները:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ